Рубрика: Գրականություն

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս»

Սիրելի թոռնի՛կ,

Չէի ցանկանա, որ Սուրբ ծննդյան իմ այս նամակը չափազանց սրտառուչ հնչեր և այնպիսի հորդորներ պարունակեր, ինչպիսիք են սերը դեպի մերձավորը, դեպի հայրենիքը, և դեպի աշխարհն ընդհանրապես ու նման այլ բաներ։ Այդ դեպքում դու ինձ չէիր լսի, և, երբ այս նամակը կարդաս (արդեն չափահաս կլինես, իսկ ես՝ երջանկահիշատակ), արժեքների համակարգն այնպես փոխված կլինի, որ հավանաբար կոչերս քեզ ժամանակավրեպ կթվան։
Ուստի ուզում եմ գեթ մի խորհուրդ տալ քեզ, որը հենց հիմա էլ կարող ես կիրառել քանի դեռ այս պահին i-pad-ով Համացանցում ես։ Չեմ սխալվի և կոչ չեմ անի հրաժարվել այդ գործողությունից, ոչ թե վախենալով, որ զառամյալ ու հետամնաց պապիկ կերևամ, այլ պարզապես այն պատճառով, որ ինքս էլ հիմա դրանով եմ զբաղված։

Կարող եմ միայն խորհուրդ տալ, որ եթե պատահմամբ հայտնվես պոռնոգրաֆիկ բնույթի հազարավոր կայքերից մեկում, ուր կտեսնես սեռական հարաբերություններն իրենց բոլոր դրսևորումներով, ասենք` երկու մարդկային էակների կամ մարդկային էակի ու կենդանու միջև, ջանա՛ չհավատալ, որ ամեն բան հենց այդպես է լինում։ Այդ ֆիլմերն, ի դեպ, շատ ձանձրալի են, որովհետև խոսքը գնում է ընդամենը մի բեմադրության մասին, որի նպատակն է ստիպել մարդկանց տանից դուր չգալ և իսկական աղջիկներին չնայել։ Ի դեպ, ես հիմք եմ ընդունում քո հակառակ սեռի նկատմամբ հակում ունենալու փաստը, հակառակ դեպքում խորհուրդներս հարմարեցրու քո դեպքին։ Նայի՛ր աղջիկներին դպրոցում կամ այնտեղ, ուր գնում ես խաղալու, որովհետև նրանք ավելի լավն են, քան հեռուստացույցի աղջիկները, նրանք մի գեղեցիկ օր քեզ շատ ավելի մեծ բավականություն կպատճառեն, քան առցանց աղջիկները։ Հավատա՛ ինձ, ով ավելի մեծ փորձ ունի ( եթե ես սեքսը դիտեի միայն համակարգչով, քո հայրը երբեք չէր ծնվի, դու էլ Աստված գիտե, թե ուր կլինեիր կամ էլ չէիր լինի)։

Բայց սրա մասին չէ, որ ուզում էի քեզ հետ խոսել։ Ուզում եմ ասել մի հիվանդության մասին, որով տառապում է քո սերունդը, նույնիսկ քեզնից ավելի ավագ սերունդը, ովքեր թերևս արդեն համալսարան են հաճախում։ Խոսքը հիշողության կորստի մասին է։
Ճ՛իշտ է, եթե ցանկություն ունենաս իմանալու, թե ով է եղել Կարլոս Մեծը կամ որտեղ է գտնվում Կուալա Լամպուրը, բավական է, որ ընդամենը մի քանի ստեղն սեղմես և Համացանցը քեզ այդ մասին ամեն տեսակ տեղեկություն էլ կտա։ Հենց այդպես էլ վարվիր, երբ քեզ որևէ տեղեկություն է հարկավոր, բայց նայելուց հետո փորձի՛ր մտապահել այն, ինչ կարդացիր, որպեսզի, օրինակ, դպրոցական առաջադրանքդ կատարելիս ստիպված չլինես երկրորդ անգամ նայել։ Քանի որ համակարգիչդ ամեն պահի կարող է քեզ ուզածդ տեղեկությունը տալ, վտանգը մեծ է, որ կորցնես մտապահելու հաճույքը։ Դա նման կլինի, օրինակ, այսինչ փողոցից այնինչ փողոց գնալը սովորելուց հետո, հասկանաս, որ կան ավտոբուս և մետրո, որ քեզ ուզածդ պահին կարող են տեղ հացնել (իսկապես շատ հարմար բան է, դիմի՛ր այդ քայլին ամեն անգամ, երբ շտապում ես) դու կարծես, որ այլևս հարկ չկա քայլելու։ Բայց եթե բավականաչափ չքայլես, կդառնաս հաշմանդամ, ինչպես հիմա անվանում են այն մարդկանց, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով։ Լա՛վ , լա՛վ, գիտեմ, որ սպորտով ես զբաղվում, ուստի գիտես՝ ինչպես շարժել մարմինդ, բայց վերադառնանք ուղեղին։
Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է, եթե այն գործի չդնես, կդառնաս ( մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը։ Բացի այդ էլ, քանի որ որոշակի տարիքից հետո ոչ ոք ապահովագրված չէ Ալցհեյմերի հիվանդությունից, այս տհաճ իրադարձությունից խուսափելու ձևերից մեկը հիշողությունը վարժեցնելն է։ Ահա իմ բաղադրատոմսը։ Ամեն առավոտ մի նոր ոտանավոր, մի կարճ բանաստեղծություն սովորի՛ր կամ ինչպես մեզ են սովորեցրել «Չալ Մատակը» կամ «Գյուղի շաբաթը»։ Կարող ես անգամ ընկերներիդ հետ մրցել, թե ով է ավելի լավ հիշում։ Եթե քեզ բանաստեղծությունները դուր չեն գալիս, ֆուտբոլիստների մասին տեղեկությունները մտապահի՛ր, բայց պետք է իմանաս ոչ միայն այսօրվա Ռոմայի թիմի կազմը, այլն նաև մյուս թիմերի մասնակիցների անունները, ինչպես նաև նախկին թիմերի ֆուտբոլիստների անունները (պատկերացրու՛, որ մինչև այսօր անգիր հիշում եմ Թուրինի թիմի կազմը, երբ նրանց ինքնաթիռը՝ խաղացողների ամբողջ կազմով վթարի էր ենթարկվել Սուպերգայում՝ Բաչիգալուպո, Բալլարին, Մարոզո և այլք)։
Բանավեճի մեջ մտիր կարդացածդ գրքերի կապակցույթամբ (Ո՞վ կար Հիսպանիոլա նավի վրա գանձերի կղզին որոնելիս․ պարոն Տրելոնի, նավապետ Սմոլլետ, բժիշկ Լիվսի, Երկարահասակ Ջոն Սիլվեր, Ջիմ․․․)։ Տե՛ս արդյոք ընկերներդ կհիշե՞ն, թե ովքեր էին երեք հրացանակիրների և Դ՛Արտանյանի աղախինները (Գրիմո, Բազեն, Մուսքըթոն և Պլանշե)․․․ Իսկ եթե չուզենաս կարդալ «Երեք հրացանակիրները» (և չիմանաս՝ ինչ վերցնել կարդալու) նույն բանն արա, օրինակ այն պատմվածքների միջոցով, որոնք արդեն կարդացել ես։
Թվում է, թե ընդամենը խաղ է (ու իսկապես խաղ է), բայց կտեսնես թե ինչպես գլխումդ մշտական բնակություն կհաստատեն կերպարներ, պատմություններ, ամեն տեսակի հուշեր։ Քեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու մի ժամանակ համակարգիչները կոչվել են էլեկտրոնային ուղեղներ։ Որովհետև դրանք ստեղծվել են քո (կամ մեր) ուղեղի օրինակով, բայց մեր ուղեղը համակարգչից շատ ավելի մեծ հնարավորություններ ունի․ այն համակարգչի նման մի բան է, որն ունակ է քեզ դեպի ետ տանելու, և այն մեծանում է վարժանքի արդյունքում, մինչդեռ սեղանիդ դրված համակարգիչը, որքան օգտագործես, այնքան կկորցնի իր արագությունը և մի քանի տարի հետո ստիպված կլինես փոխել այն։ Իսկ ուղեղդ կարող է մինչև իսկ իննսուն տարի հարատևել (եթե վարժություններդ չդադարեցնես, իհարկե՛) և իննսուն տարեկանում այն ավելի շատ բան կհիշի, քան այսօր։ Եվ այս ամենը կլինի անվճար։Հետո գոյություն ունի պատմական հիշողություն ասվածը։ Խոսքը քեզ հետ պատահած իրադարձությունների կամ կարդացածդ փաստերի մասին չէ, այլ այն բաների, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց էլ դեռ շատ առաջ։

Այսօր, երբ կինոթատրոն ես գնում, ստիպված ես որոշակի նշանակված ժամի մտնել, երբ ֆիլմը սկսվում է, ու հենց որ սկսվում է, կարող է գտնվել մեկը, ով, օրինակ, ձեռքիցդ կբռնի ու կպատմի, թե ինչ է լինելու։ Իմ ժամանակներում, կարելի էր ցանկացած ժամի մտնել կինոթատրոն, այսինքն՝ ֆիլմի կեսից, երբ ինչ-որ բաներ արդեն իսկ տեղի էին ունեցել, ու մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ էր դրանից առաջ եղել (հետո, երբ ֆիլմը նորից էր սկսվում, նայում էինք, թե արդյոք ամեն ինչ ճիշտ ենք հասկացել, թե ոչ։ Բացի դրանից, եթե ֆիլմը քեզ դուր էր եկել, կարող էիր մնալ և նորից այն նայել` նույնիսկ այն, ինչ արդեն տեսել էիր)։ Եվ ահա կյանքը նման է իմ ժամանակների ֆիլմի դիտմանը։ Մենք մտնում ենք կյանք, երբ շատ բաներ արդեն տեղի են ունեցել հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ, և շատ կարևոր է գիտենալ այն, թե ինչ է տեղի է ունեցել մեր ծնվելուց առաջ․ որն անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք հիմա տեղի ունեցող շատ նոր բաների պատճառը։

Հիմա դպրոցը (բացի քո անձնական ընթերցանությունից) պետք է քեզ սովորեցնի մտապահել այն, ինչ տեղի է ունեցել քո ծնվելուց առաջ, բայց դպրոցը, կարծես թե թերանում է, քանի որ բազմաթիվ վիճակագրական տվյալներ ապացուցում են, որ այսօրվա երեխաները, նույնիսկ ավելի ավագները, որոնք արդեն համալսարան են գնում, ծնված լինելով 1990 թվականին, չգիտեն ( կամ չեն ցանկանում իմանալ) այն, ինչ տեղի է ունեցել 1980թ․-ին ( էլ չեմ խոսում այն բաների մասին, որոնք տեղի են ունեցել հիսուն տարի առաջ)։ Վիճակագրության համաձայն՝ ո՞վ է եղել Ալդո Մորոն հարցին, երիտասարդերի մեծ մասը պատասխանում է, որ վերջինս Կարմիր ջոկատների ղեկավարն է եղել, մինչդեռ նրան սպանել են հենց Կարմիր ջոկատների անդամները: Մի կողմ դնենք Կարմիր ջոկատները, դրանց հետ կապված դեռ շատ առեղծվածներ կան, չնայած որ մոտ երեսուն տարի առաջ նրանք դեռևս մեր ներկան էին։ Ես ծնվել եմ 1932-ին, ֆաշիզմի իշխանության գալուց տասը տարի հետո, բայց ես գիտեի անգամ, թե Հռոմի Երթի ժամանակ ով է եղել վարչապետը (չգիտե՞ս՝ ինչի մասին է խոսքը )։ Գուցե ֆաշիտական դպրոցն ինձ այդ մասին ասել է, համոզելու համար, թե որքան հիմար ու վատն էր այդ վարչապետը (« Խաղաղասեր Ֆակտան» [2]) , որին ֆաշիստները մեծահոգաբար փոխարինեցին։ Եվ հետո, դպրոցը մի կողմ դրած, այսօրվա երիտասարդները չեն ճանաչում անգամ քսան տարի առաջվա կինոդերասաններին, մինչդեռ ես գիտեի, թե ով է Ֆրանչեսկա Բերտինին, որը խաղում էր համր ֆիլմերում իմ ծնվելուց քսան տարի առաջ»։ Պատճառն այն է, որ ես թերթում էի մեր տան պահոցում իրար վրա լցված հին թերթերի կույտը։ Ուզում եմ քեզ նույնպես կոչ անել թերթելու հին ամսագրերը, որովհետև սա հիանալի միջոց է իմանալու շատ բաներ, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց առաջ։
Կհարցնես, թե ինչու է ինձ համար այդքան կարևոր իմանալ այն, ինչ կատարվել է վաղուց։ Որովհետև այն, ինչ կատարվել է անցյալում, քեզ թույլ է տալիս հասկանալու, թե ինչու են որոշ բաներ տեղի ունենում հիմա, և ամեն դեպքում ինչպես ֆուտբոլիստների թիմերի դեպքում, սա ևս մեր հիշողությունը հարստացնելու մի ձև է։
Լա՛վ իմացիր, որ այա ամենը չես կարող անել միայն գրքերով և ամսագրերով, սրա համար լավագույն միջոցներից է նաև Համացանցը։ Վերջինս նախատեսված է՝ ոչ միայն ընկերների հետ խոսելու համար, այլ նաև աշխարհի պատմության հետ, այսպես ասած, երկխոսելու համար։ Ովքե՞ր էին Հիթիթները։ Իսկ կամիսարդնե՞րը։ Ինչպե՞ս էին կոչվում Կոլումբոսի երեք կարավելլաները։ Ե՞րբ են անհետացել դինոզավրերը։ Նոյան տապանը ղեկ կարո՞ղ էր ունենալ։ Ինչպե՞ս են անվանում ցլի նախատիպին։ Սրանից հարյուր տարի առաջ ավելի շա՞տ վագրեր կային։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում Մալիի կայսրությունը։ Իսկ ո՞վ էր խոսում Չարի կայսրության մասին։ Ո՞վ է եղել պատմության մեջ երկրորդ պապը։ Ե՞րբ է ստեղծվել Միկի Մկնիկը։

Այս հարցերն անվերջ են, իսկ դրանց պատասխանների որոնման բոլոր արկածներն ուղղակի անկրկնելի կլինեն։ Այս ամենն իսկապես հիշարժան է։ Կգա մի օր, երբ դու արդեն ծեր կլինես ու կկարծես, թե հազար կյանք ես ապրել, քանի որ քեզ կթվա, թե ներկա ես եղել Վաթերլոուի ճակատամարտին, մասնկացել ես Հուլիոս Կեսարի սպանությանը և մոտ ես եղել այն վայրին, որտեղ Բերտոլդ Շվարցը, հավանգի մեջ խառնելով նյութերը, փորձում էր գտնել ոսկի ստանալու հնարը և սխալմամբ բացահայտեց վառոդը ու թռավ օդ։ Քո մյուս ընկերները, ովքեր չեն աշխատի իրենց հիշողության վրա, կապրեն միայն մեկ կյանք` իրենց կյանքը, որը պետք է որ շատ տխուր լինի ու մեծ հույզերով ոչ լի։
Կերտի՛ր հիշողությունդ, մշակի՛ր այն և վաղվանից անգի՛ր սովորիր «Կայտառ Թերեզան»։[3]

Advertisement

[1] Իտալերենում diversamente abile մեղմասածությունը, որը բառացիաբար << այլ կերպ ունակ>> է թարգմանվում, կիրառվում է հաշմանդամ բառի փոխարեն
[2] Խոսքը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Լուիջի Ֆակտայի մասին է, որին այդպես էին կոչում իր վարած չեզոք քաղքականության պատճառով։ (1922թ․-ի 26 փետրվար- 1922թ․-ի 1 օգոստոս)
[3] Իտալական ժողովրդական մանկական ոտանավոր։

Рубрика: Գրականություն

Համո Սահյան «Փնտրում ես դու»

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

Рубрика: Գրականություն

Համո Սահյան-Հրաշք լիներ․․․

Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Հրաշք լիներ կրկնվեր 
Այն հրաշքը իրական….

Рубрика: Գրականություն

Լռություն։ Հարուկի Մուրակամի

-Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:

Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:

Հարցիս պատճառը հենց Օձավայի պատմությունն էր բոքսի մասին, որով նա սկսել էր զբաղվել դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում, և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Երեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով բոլորովին այնպիսի չէր, որ կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչը կարող էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի այդ հարցը:
Մենք օդանավակայանի ռեստորանում սուրճ էինք խմում ու պատրաստվում էինք Նիիգատու թռչել: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը մութ ամպերով էր ծածկված, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, հոգնած ուղևորներին թույլ չտալով մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
_ Մեծ հաշվով` երբեք, _ երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: _ Բոքսով զբաղվելու տարիներին երբեք ոչ մեկի խփած չկամ: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:
_ Ճիշտն ասած, մի անգամ, այնուամենայնիվ, մեկին հարվածել եմ,_ ասաց նա: _ Տասնչորս տարեկան էի ու նոր-նոր էի բոքսով զբաղվում: Չկարծեք, թե արդարանում եմ, բայց էն ժամանակ դեռ չգիտեի բոքսի էությունը և որոշ ժամանակ միայն ընդհանուր մարզավիճակս լավացնող վարժություններ էի կատարում. պարան էի թռչում, վազում էի, ձգվում… Առանց մտածելու խփեցի, բոլորովին չուզելով: Էդ չարաբաստիկ պահին էնքան կատաղած էի, որ չհասցրի մտածել, ու ձեռքս ինձնից անկախ զսպանակի պես թռավ: Մինչև սթափվեցի, նա արդեն ընկած էր, իսկ ես դեռ դողում էի զայրույթից:
Օձավան բոքսով սկսել էր զբաղվել քեռու դրդմամբ, որը մարզադահլիճի տնօրեն էր, ընդ որում` ոչ թե ինչ-որ հետ ընկած քաղաքի մարզադահլիճի, այլ առաջնակարգ չեմպիոնների դարբնոցի: Ծնողներն անհանգստանալով, որ տղան անդադար սենյակում մեկուսացած է իր գրքերի հետ, առաջարկեցին սպորտով զբաղվել: Օձավան չէր պատրաստվում ողջ կյանքը դրան նվիրել, բայց սիրում էր քեռուն և սկսեց մարզվել`մտածելով, որ հենց հոգնի, ցանկացած պահի կարող է թողնել: Սակայն մի քանի ամիս զբաղվելուց հետո բոքսի արվեստը զարմանալիորեն գրավեց նրա սիրտը: Առաջին հերթին այն պատճառով, որ բոքսն իր էությամբ լռակյացների սպորտ է, հետն էլ՝ խիստ անհատական: Դա մի չտեսնված և բոլորովին նոր աշխարհ էր նրա համար և առանց ակնհայտ պատճառների նրան ամբողջությամբ կլանեց: Քրտնքի հոտը, կաշվե ձեռնոցների ճռճռոցը, մարդկանց` լուռ ու ինքնամոռաց իրենց մկաններ մարզելը, աստիճանաբար, բայց անդառնալի գրավեցին նրա սիրտը: Արդեն շաբաթ և կիրակի օրերին մարզասրահ գնալը նրա համար դարձել էր հաճելի զբաղմունք, որոնք շատ չէին նրա կյանքում:
_ Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ էնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:
_ Իրականում չէի ուզի անցյալը փորփրել: Եթե կարողանայի` ընդհանրապես կմոռանայի ու էլ երբեք չէի հիշի, _ ժպտալով ասաց նա ու անշտապ շարունակեց պատմել:
* * *
Նա հարվածել էր իր համադասարանցուն` Աոկի անունով: Օձավան նրան տանել չէր կարող, ինչու` ինքն էլ չգիտեր: Այդ հակակրանքն ուղղակի ծնվել էր հենց առաջին հանդիպումից, ի՞նչ կարող ես անել: Ու էդպիսի հակակրանք նա իր կայնքում առաջին անգամ էր զգում:
_ Ի՞նչ էք կարծում այդպես լինու՞մ է, հարցրեց նա: _ Հավանաբար յուրաքանչյուրի կյանքում նման մի բան լինում է` սկսում ես ատել մարդուն առանց որևէ պատճառի: Ես չեմ համարում, թե բռնության հակված եմ: Այնուամենայնիվ կյանքն ինձ նման բան հրամցրեց, առանց պատճառի, ու դժբախտությունն էն է, որ հակառակ կողմը սովորաբար նույն զգացումներն է ունենում:
Աոկին գրեթե բոլոր առարկաներից օրինակելի էր համարվում: Մենք տղաների դպրոցում էինք սովորում ու նա հարգված էր: Աշակերտների աչքում առաջնորդ էր, ուսուցիչների համար՝ սիրելի: Չնայած լավ սովորելուն՝ չէր մեծամտանում, շատերի հետ էր ընկերություն անում, ուրախ էր: Նույնիսկ ինչ-որ շիտակ բան կար մեջը… Բայց նրա էությունը սկզբից ևեթ ինձ համար պարզ էր, կարծես նրա ճակատին ինչ-որ բնազդային հաշվենկատություն լիներ դրոշմված: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ նկատի ունեմ, որովհետև դժվարանում եմ հարմար օրինակ բերել: Կարող եմ միայն ասել, որ մաշկով էի զգում: Բնազդաբար չէի կարողանում մարսել եսասիրության ու գոռոզության շունչը, որ հորդում էր նրանից: Էդպես կարող է անտանելի լինի ինչ-որ մեկի հոտը: Աոկին խելացի տղա էր և կարողանում էր հմտորեն թաքցնել իր գաղջ շունչը: Ու շատ համադասարանցիներ դա չզգալով նրա մասին ասում էին. «Ի՜նչ դեմք է…» Բնականաբար ես լռում էի, բայց ամեն անգամ, նման որակումից հետո, մի տեսակ, տեղս չէի գտնում:
Աոկին ու ես լրիվ հակապատկերներ էինք: Ես ինձ համարում էի սուսիկ-փուսիկ, քանի որ չէի սիրում մյուսներից առանձնանալ, աչքի ընկնել և հանգիստ էի տանում միայնությունը: Իհարկե, մի քանիսի հետ մտերմություն անում էի, որոնց կարելի էր ընկեր համարել, բայց՝ ոչ ավելին: Ինչ որ առումով կարելի է ասել, որ իմ տարիքից մի քիչ առաջ էի ընկած: Ինձ համար ավելի հետաքրքիր էր տանը գիրք կարդալը, հորս դասական ձայնապնակները լսելը, սեկցիայում ինձնից մեծերի հետ շփվելը, քան հասակակիցներիս հետ լինելը: Ինչպես տեսնում եք, արտաքինով էլ աչքի չէի ընկնում, գնահատականներս վատը չէին, բայց առանձնապես լավն էլ չէին, էնպես որ ուսուցիչները հաճախ անունս մոռանում էին: Էդպիսին էի ես: Չէի սիրում աչքի ընկնել: Ոչ մեկի չէի ասել որ բոքսի եմ գնում, չէի պատմում կարդացածս գրքերի կամ լսածս երաժշտության մասին: Իմ ֆոնի վրա Աոկին կարծես սպիտակ կարապ լիներ ճահճում: Չեմ թաքցնի, գլուխն աշխատում էր` դա նույնիսկ ես չեմ կարող չընդունել, միտքն էլ սուր էր: Օդից որսում էր, թե մարդկանց ինչն է գրավում և հմտորեն իր վարքը հարմարեցնում էր նրանց: Հենց դրանով էլ հիացնում էր բոլորին: Բացի ինձնից: Ինձ համար նա ոչնչություն էր: Երբեմն մտորում էի. է՜ հա, հետո՞ ինչ, որ ես այդքան խելացի չեմ: Շատ էլ, թե ամեն ինչ հալած յուղած էր ստացվում իր մոտ, ախր ոչինչ իրենը չէր: Ոտքից գլուխ կեղծ էր, պարզապես կարողանում էր որսալ մեծամասնության տրամադրությունը: Միայն աչքներին «թոզ փչեր». բայց ինձնից բացի ոչ ոք չէր կռահում:
Կարծում եմ Աոկին կռահում էր վերաբերմունքս` հաշվենկատ էր ու ինքն էլ ընդգծված զզվանքով էր վերաբերվում ինձ: Ես հիմար չէի, առանձնապես մի մեծ բան չէի, բայց հիմար էլ չէի: Գլուխ չեմ գովում, բայց էդ տարիներին ես իմ աշխարհն ունեի: Դասարանում ոչ ոք իմ չափ չէր կարդում: Ճիշտ է ես դա չէի ցուցադրում, բայց երբեմն ակամա քիթս ցցում ու վերևից էի նայում մյուսներին: Կարծում եմ ինքնագնահատականս Աոկիին խոցում էր:
Մի անգամ անգլերենի ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստացա: Ճիշտ է՝ առաջին անգամն էր, բայց պատահական չէր: Չեմ էլ հիշում, թե էդ ժամանակ ինչ էր, որ շատ էի ուզում ունենալ, ու ծնողներս խոստացել էին գնել, եթե գոնե մեկ ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստանամ: Ես ընտրեցի անգլերենն ու սկսեցի հետևողականորեն պարապել, սերտում էի ամեն ինչ, որ կարող էր ստուգողականին ընկնել, ազատ պահերին անընդհատ բայերի խոնարհումը կրկնելով: Դասագրքի էջերը մաշվել էին` էնքան էի թերթել: Էնպես որ ամեն ինչ անգիր հիշում էի ու բոլորովին չզարմացա երբ ամենաբարձր գնահատականն ստացա: Ինձ շատ բնական թվաց` էդպես էլ պետք է լիներ: Բայց մյուսների համար գնահատականս սենսացիա էր: Նույնիսկ՝ ուսուցիչների համար: Աոկին ցնցված էր. էլ ո՜նց կլինի՝ լավագույնն ի՛նքը պիտի լիներ: Գրավորները բաժանելիս ուսուցիչը նույնիսկ հեգնեց նրան: Աոկին կարմրեց, հասկացավ որ ծաղրի առարկա է դառնում: Չեմ հիշում, թե ուսուցիչն ինչ ասաց նրան, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ Աոկին իմ մասին տհաճ խոսակցություններ է տարածում. իբր ես արտագրել եմ, իր ընկալմամբ իմ հաջողությունն այլ բացատրություն չուներ: Էդ մասին ընկերներս ասեցին ու ես լրջորեն կատաղեցի: Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ պետք է ընդամենը ծիծաղեի ու բանի տեղ չդնեի: Բայց ես ընդամենը դպրոցական էի՝ չկարողացա զգացմունքներս զսպել ու մի դասամիջոցի Աոկիին կանչեցի դպրոցի հետնաբակ` հաշիվ մաքրելու: Աոկին սկսեց կրակի վրա յուղ լցնել. «Հը՞, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես կպել, գնահատական ես հաջողացրել, հրճվիր քեզ համար»: Ու փորձեց ինձ մի կողմ հրելով անցնել: Ակնհայտորեն լկտի էր իրեն պահում՝ իր հասակի ու ուժի առավելությունից ոգևորված: Հենց էդ պահին էր, որ չդիմացա ու առանց ինձ հաշիվ տալու խփեցի: Երբ ուշքի եկա, նրա ձախ այտին ուղղված հարվածն արդեն անկասելի էր: Աոկին կողքի վրա ընկավ ու գլխով էլ խփվեց ծառին: Քթից արյուն ցայտեց` թափվեց սպիտակ վերնաշապիկին: Նա ապշած պլշել էր վրաս: Էնքան էր զարմացել, որ չկարողացավ հասկանալ, թե ինչ կատարվեց:
Ախր, հե՛նց ձեռքս կպավ ծնոտին, արդեն փոշմանել էի արածիս համար: Միանգամից գլխումս ճայթեց. բռունցքներով հարց չես լուծի: Մարմինս դեռ ցնցվում էր կատաղությունից, բայց ես արդեն գիտեի, որ արածս ապուշություն էր: Ուզում էի ներողություն խնդրել, բայց չկարողացա: Ուրիշ ո՛վ լիներ` կխնդրեի, մենակ ո՛չ Աոկին: Իհարկե զղջում էի, բայց գտնում էի, որ նա արժանի էր դրան: «Դրան տեղն էր, սողունի մեկը, դրա նմանին տրորելն էլ քիչ է»: Բայց մեկ է, չպետք է խփեի: Ինչևէ… արդեն ուշ էր, ես նրան խփել էի ու թողնելով գետնին նստած հեռացա այնտեղից:
Ճաշից հետո Աոկին դասերին չկար, երևի տուն էր գնացել: Ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ճնշող տրամադրությունից: Ինչով զբաղվում էի, ոչ մի կերպ չէի կարողանում շեղվել, ոչ գրքերն էին ուրախացնում, ոչ երաժշտությունը: Սիրտս մի տեսակ ճմլվում էր, չէի կարողանում կենտրոնանալ: Էնպիսի զգացում ունեի՝ կարծես ինչ-որ զզվելի միջատ էի կուլ տվել: Երբ անկողին մտա, պլշած բռունցքիս էի նայում` հասկացա, թե որքան միայնակ եմ: Հիմա ես ավելի էի ատում Աոկի կոչվածին, որն ինձ այս վիճակին էր հասցրել:

Advertisement

_ Հաջորդ օրվանից Աոկին սկսեց ինձ անտեսել` կարծես դասարանում Օձավա անունով աշակերտ ընդհանրապես գոյություն չուներ ու առաջվա պես ստուգողկաններին ամենալավ գնահատականները ստանալ: Ես` հակառակը, դրանից հետո սկսեցի մատս մատիս չտալ: Ինձ համար ամեն ինչ մեկ էր դարձել: Ես սովորում էի պարզապես հետ չմնալու համար: Մնացած ժամանակը իմ գործերով էի զբաղվում, բնականաբար շարունակում էի բոքսի գնալ: Համառ պարապմունքներից հետո ուսերս լցվել էին, կուրծքս ամրացել էր, ձեռքերս՝ հզորացել: Վատ չէր դպրոցականի համար: Հասկացա, որ մեծանում եմ: Ինչ հրաշալի ժամանակ էր… Ամեն օր հանվում էի մինչև գոտկատեղս ու հայելու առաջ հիանում մարմնովս:
Տարվա վերջին Աոկիին տեղափոխեցին զուգահեռ դասարան: Սիրտս տեղն ընկավ: Էնքան էի ուրախացել, որ էլ ստիպված չեմ լինելու ամեն օր նրան տեսնել: Կարծում եմ նա էլ էր նույնը մտածում: Ինձ թվում էր, որ տհաճ հիշողությունները աստիճանաբար կջնջվեն հիշողությունիցս: Հա, բա չէ՞: Աոկին դարանել էր` վրեժը սրտում: Նա` ինչպես հատուկ է գոռոզներին, հիշաչար էր և վիրավորանքը կուլ տվող չէր: Ծպտվել ու սպասում էր հարմար պահի, որ կոկորդիցս բռնի:
Ավարտական տարին հակառակի պես նորից նույն դասարանում հայտնվեցինք: Երբ հայացքներս հանդիպեցին, ես տագնապեցի: Նրա դեմքի արտահայտությունը դուրս չկավ: Շուտով կրծքումս նույն քամող զգացումն ունեցա. վատ կանխազգացում էր:
Օձավան լռեց ու որոշ ժամանակ ակնդետ նայում էր առջևը դրված սուրճի բաժակին: Հետո հայացքը բարձրացրեց վրաս ու թեթևակի ժպտաց: Պատուհանից այն կողմ ռեակտիվ ինքնաթիռի գվվոց լսվեց ու «Բոինգ 737»-ը ամպերը ճեղքելով կորավ տեսադաշտից:
Օձավան շարունակեց.
_ Առաջին մի քանի ամիսը, բան չունեմ ասելու, հանգիստ անցավ: Աոկին հավատարիմ էր իրեն, բոլորովին չէր փոխվել ութերորդ դասարանից հետո: Մարդիկ կան, որ եթե չեն առաջադիմում, ապա դիրքերն էլ հենց էնպես չեն զիջում, շարունակում են նույն ոգով: Աոկիի հաջողություններն անփոփոխ էին, շարունակում էր վայելել դասարանի հարգանքը: Խոսք չունեմ, տասնյոթը դեռ չբոլորած՝ բախտն իր բուռն էր հավաքել: Երևի մինչև հիմա էլ էդպիսին է: Ինչևէ, ջանում էինք հայացքով չհանդիպել իրար: Դե, ինչպիսի՞ն պիտի լիներ իմ տրամադրությունը, երբ դասարանում նման հակառակորդ կար: Բայց ի՞նչ արած…մանավանդ, որ ես էլ հրեշտակ չէի:
Շուտով ամառային արձակուրդներն էին՝ վերջինը բարձր դասարանցիներիս համար: Ես տարին վատ չամփոփեցի: Էնպես որ, առանց կաշվից դուրս գալու էլ, ցանկացած նորմալ բուհ ընդունվելուն գնահատականներս բավարարում էին: Դրա համար էլ ժամանակն անիմաստ չէի վատնում նախապատրաստական խորհրդատվությունների վրա, ուղղակի կրկնում էի անցածն ու տնայիններս կատարում: Ծնողներս էլ գլուխս չէին տանում, էնպես որ շաբաթ-կիրակի օրերին մարզասրահ էի գնում, իսկ մնացած ազատ ժամանակս կարդում էի ու երաժշտություն լսում: Բոլորը փոփոխվում էին աչքի առաջ: Մեր դպրոցը հայտնի էր որպես «տրամպլին»՝ բուհ ընդունվելու համար: Ամենահետաքրքրվողներն ուսուցիչներն էին՝ խելքն իրենցը չէր, որ իմանային, թե ով ուր է ընդունվել, որ դպրոցից: Աշակերտներն էլ չէին զիջում, ու ողջ վերջին տարին ուղեղները հալվում էր: Դասարանի մթնոլորտը շիկացած էր, ճիշտն ասած՝ դա սկսվել էր դեռ միջին դպրոցի առաջին դասարանից, ու դա ինձ դուր չէր գալիս: Թեպետ արդեն վեց տարի էր անցել՝ բայց ես բոլորովին չէի հարմարվել էդ լարվածությանը: Էդպես էլ դասարանցիներիցս որևէ մեկի հետ չստացվեց մտերմանալ, ում կկարողանայի վստահել: Ընկեր կարող էի համարել միայն նրանց, ում հետ մարզվում էի: Նրանցից գրեթե բոլորն ինձանից մեծ էին, կեսն արդեն աշխատում էին: Բայց և էնպես, ինձ նրանց հետ էր հետաքրքիր: Պարապմունքներից հետո, միասին գնում էինք մի տեղ նստելու ու զրուցելու՝ մի գավաթ գարեջրի շուրջ: Նրանք, ի տարբերություն համադասարանցիներիս, բոլորովին այլ կարգի մարդիկ էին: Նրանց հետ ժամանակը հաճելի էր անցնում ու ես շատ կարևոր բաներ եմ սովորել իրենցից: Մինչև հիմա սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ հետս, եթե ես մինչև հիմա բոքսով չզբաղվեի:
Արձակուրդներին մի դեպք պատահեց. Մացումոտո անունով համադասարանցիս ինքնասպան եղավ: Ոչ մի բանով աչքի չընկնող աշակերտ էր, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ անդեմ: Երբ լուրն իմացա, հազիվ տեղը բերեցի դեմքը: Միասին սովորելու տարիներին մի երկու-երեք անգամ բառ փոխանակած լինեինք, թե չէ: Արտաքինով էլ մի բան չէր: Ու դրանով վերջանում էր էն ամենը, որ կարողացա հիշել նրա մասին: Նա մահացավ օգոստոսի 15-ից մի քանի օր առաջ, թաղումն էլ համընկավ պատերազմի ավարտի տարելիցին: Շատ լավ եմ հիշում, չափազանց շոգ օր էր: Ինձ զանգեցին, հայտնեցին էդ մասին ու ասացին, որ անպայման պետք է ողջ դասարանով ներկա լինենք հոգեհանգստին:
Մացումոտոն մետրոյում նետվել էր գնացքի տակ: Պատճառը ոչ-ոք չգիտեր: Գտել էին մահվանից առաջ գրած մի թղթի կտոր, որտեղ գրված էր, որ այլևս չի ուզում դպրոց գնալ: Թե ինչու, ոչինչ գրված չէր: Բնականաբար բոլոր ուսուցիչները շոկի մեջ էին: Հոգեհանգստից հետո բոլորիս հավաքեցին դասարնում: Սկզբում տնօրենը խոսեց, որ պետք է սգանք նրա մահը… և կիսենք վիշտը… և մեր բարոյական ոգին ամուր պահենք…
Հետո ուսմասվարն ու դասղեկը ասացին, որ պետք է պարզաբանել պատահածը և եթե մեկը բան գիտի, որ կարող է ինչ-որ կերպ իրավիճակը հստակեցնել, թող անպայման ազնվորեն ասի: Բոլորը լուռ էին…
Անկեղծ ասած էդ իրարանցումը, ինձ վրա բոլորովին տպավորություն չգործեց: Դասարանցիս մահացել էր` աստված հոգին լուսավորի: Չէի կարող միայն հասկանալ, թե ինչու էր ինքնասպան եղել. չէր ուզում դպրոց գալ` թող չգար, մեկ է կես տարուց ավարտում էինք: Դրա համար ինչո՞ ւմեռնել: Ես ենթադրում էի, որ նա հավանաբար մի ինչ-որ խանգարում է ունեցել, ասենք` նևրոզ, թեպետ ամբողջ օրը միայն քննությունների մասին խոսակցություններից ով ասես չէր խանգարվի:
Արձակուրդներն ավարտվեցին, սկսեցին դասերը ու ես նկատեցի, որ դասարանում տարօրինակ մթնոլորտ է: Իմ հանդեպ բոլորը մի տեսակ սառել են: Մի հարց էի տալիս` կամ մի կերպ էին պատասխանում կամ կտրուկ ու կոպիտ մի բան էին շպրտում: Սկզբում կարծում էի հավեսները տեղը չի ու այնքան էլ չէի սևեռվում: Մեկ էլ, դասերի հինգերորդ օրն էր, դասղեկն ինձ կանչեց ուսուցչանոց ու սկսեց հարցաքննել` ճի՞շտ է, որ մարզվում եմ:
_ Ճիշտ է:
Դրանով դպրոցական ոչ մի կանոն չէի խախտում:
_ Վաղու՞ց ես մարզվում:
_ Տասնչորս տարեկանից:
_ Ճի՞շտ է, որ չորս տարի առաջ դու Աոկիին հարվածել ես:
_ Ճիշտ է _ ստել չկարողացա:
_ Մարզվել սկսելուց առա՞ջ էր, թե՞ հետո:
_ Հետո: Բայց ես այն ժամանակ, դեռ ոչինչ չգիտեի, առաջին երեք ամիսը մեզ նույնիսկ ձեռնոց չէին թողնում հագնել, _ փորձում էի պարզաբանել: Բայց ուսուցիչն ինձ արդեն չէր լսում:
_ Իսկ Մացումոտոյին դու ծեծե՞լ ես:
Ես ապշահար եղա:
_ Ինչու՞ պետք է ծեծեի, _ փորձեցի պաշտպանվել:
_ Ինչ-որ մեկը կանոնավոր կերպով ծեծել է Մացումոտոյին,_ մռայլ ասաց դասղեկը, _ և նրա մոր ասելով, նա հաճախ է կապտուկներով տուն եկել: Դպրոցում, հենց այս դպրոցում, նրան ինչ-որ մեկը ծեծել ու խլել է փողերը: Բայց Մացումոտոն նրա անունը չի ասել, վախեցել է, որ ավելի խիստ հաշվեհարդար կտեսնի: Ու ինքնասպան է եղել…Խեղճ տղա, ոչ մեկին այդպես էլ չի պատմել: Երևի ուժեղ են ծեծել: Մենք հիմա փորձում ենք պարզել, թե ով կարող էր լինել նրան ստորացնողը: Եթե ինչ-որ բան գիտես, ավելի լավ է ազնվորեն ասես: Ավելի լավ է մենք մերոնցով պարզենք, հակառակ դեպքում դրանով ոստիկանությունն է զբաղվելու: Դու սա հասկանու՞մ ես:
Ահա թե ինչ, պարզ է՝ Աոկիի մատն էր խառը: Վատ չօգտագործեց Մացումոտոյի մահը: Մանավանդ, որ չէր էլ ստում: Հավանաբար ինչ-որ տեղից պարզել է, որ բոքսով եմ զբաղվում: Բայց որտեղի՞ց, խելքս չէր կտրում: Ու դրա մասին պատմել է Մացումոտոյի մահից քիչ անց: Մնացածը պարզից էլ պարզ է. մնում է մեկը մյուսի հետ կապել, գնալ ուսուցչին պատմել իմ մարզվելու մասին և թե ինչպես եմ ժամանակին իրեն հարվածել: Համոզված եմ, որ նա ամեն ինչ փայլուն է ներկայացրել: Երևի ասել է, որ ես իրեն վախեցրել եմ, արյունլվա եմ արել` դրա համար էլ մինչև հիմա վախից լռել է: Հետն էլ, ոչ մի ակնհայտ սուտ, որը միանգամից հերքել լիներ: Աոկին շատ զգուշավոր էր: Ընդամենը մերկ ճշմարտությանն իրեն հարմար երանգներ է հաղորդել ու կատարյալ ներկայացրել: Կասկած չկար՝ նրա ձեռքի գործն էր:
Երևում էր ուսուցիչներն էլ էին կասկածանքով լցված: Բոքսով զբաղվողներն ակնհայտորեն նրանց աչքի լույսը չէին, հետն էլ իմ տեսակով էլ մի բարի պտուղ չէի: Երեք օր հետո ինձ կանչեցին ոստիկանություն: Դա արդեն ինձ ցնցեց: Գործը թքած կպցրած էր, ոչ մի ուղղակի փաստ չկար իմ դեմ, միայն ենթադրություններ էին: Բայց ոչ ոք ինձ չէր հավատում, նույնիսկ արդարամիտ ուսուցիչները չէին կարող ինձ պաշտպանել: Ոստիկանությունում ինձ ֆորմալ հարցաքննության ենթարկեցին: Ես բացատրեցի, որ Մացումոտոյի հետ գրեթե չեմ էլ խոսել: Այո, ես հարվածել եմ Աոկիին չորս տարի առաջ, բայց դա ախր սովորական կռիվ էր: Ու դրանից հետո այլևս շարունակություն չի ունեցել: Մոտավորոպես այդպես: Քննիչն ասաց, որ ըստ ասեկոսեների Մացումոտոյին ես եմ ծեծել: Ես էլ ասացի, որ սուտ է:
_ Ինչ-որ մեկը չարակամ տարածում է այդ վատ լուրերը, _ ասաց քննիչը: Բայց միայն ասաց… ավելին չէր կարող անել: Այդքան էր նրա իրավասությունը` չէ՞ որ ոչ մի ապացույց չկար, միայն՝ ենթադրություններ…
Իմ` ոստիկանություն կանչված լինելու լուրն արագ տարածվեց դպրոցում, ինչ-որ կերպ սպրդել էր, չնայած պետք է խիստ գաղտնի լիներ: Ու այդպես, բոլորը սկսեցին ինձ այլ աչքերով նայել: «Ոստիկանություն հենց այնպես չեն կանչում` ուրեմն մի բան կա»: Հիմա արդեն բոլորը համոզված էին, որ ես եմ ծեծել Մացումոտոյին:
Ես չգիտեմ ինչ ձևերով ու հնարքներով էր Աոկին հրամցրել ողջ պատմությունը, չեմ էլ ուզում իմանալ: Ամենայն հավանականությամբ զազրելի պատմություն էր ստացվել, քանի որ ոչ ոք հետս չէր խոսում: Կարծես բոլորը պայմանավորվել էին, որը բացառված չէր: Հարցերիս էլ չէին պատասխանում: Նույնիսկ նրանք` ում մտերիմ էի համարում: Բոլորը ինձանից խորշում էին, կարծես վարակիչ լինեի:
Եվ ոչ միայն աշակերտները: Ուսուցիչները նույնպես խուսափում էին ինձ հանդիպելուց: Միայն ներկա-բացակա անելիս կարդում էին ազգանունս ու վերջ: Ամենածանրը ֆիզկուլտուրայի ժամին էր: Ոչ ոք չէր ուզում ինձ իր թիմ վերցնել: Ուսուցիչն էլ ոչ մի կերպ չուզեց ինձ օգնել: Ես լռելյայն գնում էի դպրոց, լռելյայն դասի էի նստում, այդպես էլ վերադառնում տուն: Դա շարունակվում էր ամեն օր… Ի՞նչ ասեմ, ծանր օրեր էին, …մեկ շաբաթ, երկու, երեք… Ախորժակս փախել էր, նիհարել էի, սկսեցի չքնել: Պառկում էի` սիրտս այնպես էր խփում, մեկ մի բան էր միտքս գալիս, մեկ՝ մյուսը: Ի՞նչ քնել…Շուտով էլ չէի հասկանում քնած՞ եմ , թե՞ արթուն:
Սկսեցի բոքսի չգնալ: Ծնողներս արդեն անհանգստանում էին, սկսեցին հարցուփորձ անել` ամեն ինչ կարգի՞ն է: Բայց ես ոչինչ չասացի: Ամեն ինչ «կարգին է, ուղղակի մի քիչ հոգնել եմ»: Ասենք պատմեի, ի՞նչն էր փոխվելու: Նրանք ինձ ինչո՞վ կարող էին օգնել: Էդպես էլ չիմացան ինձ հետ պատահածը: Երկուսն էլ չափազանց զբաղված էին իրենց աշխատանքով ու որդու գործերով հետաքրքրվելու ժամանակ չունեին:
Դպրոցից տուն էի գալիս, փակվում սենյակումս ու բութ հայացքս հառում առաստաղին: Ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, միայն նայում էի առաստաղին ու անկապ բաների մասին մտածում, իսկ ավելի հաճախ՝ թե ինչպես եմ ծեծելով սատկացնում Աոկիին: Մենակ եմ բռնացրել ու տալիս եմ, տալիս եմ, հո չե՜մ տալիս…Մտովի էնքա՜ն էի հարվածում, ու կրկնում՝ դու տականք ես… ու շարունակում խփել ամբողջ ուժով… Նա ճչում էր, արցունքների միջից ներողություն խնդրում, իսկ ես կանգ չէի առնում, քանի դեռ դեմքը ամբողջովին չեմ ջնջխել: Հետո քիչ-քիչ սկսում էի էդ տեսարանից զզվել: Սկզբում ոչ մի խղճի խայթ՝ «տեղն է քեզ» ու մի տեսակ հոգիս փառավորվում էր: Հետո այդ զգացումը սկսում էր հօդս ցնդել, նույնիսկ մի քանի անգամ սիրտս թափել եմ: Բավական էր մտովի սկսեի պատկերացնել էդ տեսարանը` ու էլ չէի կարողանում կանգ առնել: Արդեն չգիտեի ինչ անել:
Նույնիս մտածում էի կանգնել դասարանի առջև ու փորձել ապացուցել, որ ես ոչ մի նման բան չեմ արել: Եթե դուք կարծում եք, որ ես պատժի արժանի բան եմ արել` փաստեր ներկայացրեք: Եթե ապացույցներ չունեք` բավական է ինձ էդպես վերաբերվեք: Բայց ես զգում էի. ասենք ասեցի, ո՞վ է ինձ հավատալու: Ես չէի ուզում արդարանալ ամբոխի առաջ, ովքեր ձկնկուլի պես կուլ էին տվել Աոկիի հրամցրած սուտը: Հենց սկսեի արդարանալ ակնհայտ կդառնար իմ հուսահատությունը: Իսկ ես ոչ մի դեպքում չէի ուզում էդքան նվաստանալ:
Նման իրավիճակում ես ոչինչ անել չէի կարող, ոչ Աոկիին ծեծել, ոչ մեղադրել նրան, որ էլ որևէ մեկին համոզել: Մնում էր լռել ու սպասել: Եվս կես տարի: Կես տարուց դպրոցը կավարտենք ու ես այլևս ոչ մեկի չեմ տեսնի: Կես տարի…թե դիմանամ: Բայց արդեն երերում էի, նույնիսկ վստահ չէի` մի ամիս կքաշե՞մ, թե՞ չէ: Տանը ես սև ֆլոմաստերով նշում էի ամեն անցած օրն ու մտածում էի` «Վերջապես մեկ օր էլ անցավ, վերջապես…»: Երբեմն թվում էր, որ վերջ, ուժերս էլ չեն ներում: Երևի այդպես էլ լիներ, եթե մի հրաշալի առավոտ ճեպընթացում ես չհանդիպեի Աոկիին: Հիմա էդ մասին հիշելով` կարող եմ ասել, որ նյարդերս արդեն դավաճանում էին ինձ…
***
Վագոնը լեփ-լեցուն էր: Ինձնից երեք-չորս մարդ էն կողմ, ինչ-որ մեկի թիկունքից երևաց Աոկիի դեմքը: Մենք գրեթե դեմ դիմաց էինք կանգնած: Նա էլ ինձ նկատեց: Որոշ ժամանակ մենք սևեռուն նայում էինք իրար: Տեսքս երևի սարսափելի էր, անդադար ապրումներից ու անքնությունից: Սկզբում Աոկին նայում էր սառը հեգնանքով, կարծես ուզում էր հարցնել` «Հ՞ը, ո՞նց է»: Ես հո գիտեի, որ էս ամենը սկզբից մինչև վերջ ինքն էր սարքել: Ինքն էլ գիտեր, որ ես գիտեմ: Որոշ ժամանակ երկուսս էլ ատելությամբ նայում էինք իար: Ու աստիճանաբար ինձ մի տարօրինակ տրամադրություն համակեց: Նախկինում նման զգացում չէի ապրել: Անկասկած ես չարացած էի Աոկիի վրա: Երբեմն նույնիսկ էնպես էի ատում, որ քիչ էր մնում սպանեի նրան: Բայց լեցուն ճեպընթացում ես ոչ թե ատելություն ու չարություն զգացի, այլ տխրության ու խղճահարության պես մի բան: Մտածում էի. «Մի՞թե մարդիկ կարող են հպարտանալ էդպիսի արարքով, հրճվել ուզածին հասնելով»… Չէ, Աոկին երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է իրական հրճվանքն ու հպարտությունը: Նա մինչև մահ չի ճաշակի էն թրթիռը, որ համակում է մարմինդ: Ոմանք պարզապես էդ խորությունը չունեն: Չգիտեմ էլ ես ունեմ, թե ոչ, բայց հարցը էդ անհունությունը գիտակցելն է: Բայց նրանք դրանից էլ են զուրկ. դատարկ, անիմաստ կյանք: Միայն սրա-նրա ուշադրությունը գրավեն, աչքներին թոզ փչեն` ոչինչ չունենալով:
Էս ամենի մասին մտածելով ակնդետ նայում էի նրա աչքերին ու արդեն նրան խփելու ցանկություն չունեի: Նա ինձ համար այլևս գոյություն չուներ: Չէ, իսկապես ես էլ զարմացա, թե ոնց թեթևացա: Ու հասկացա, որ արդեն կկարողանամ դիմանալ այդ հինգ ամիսը: Արժանապատվությունս տեղն էր ընկել, ինձ համար պարզ դարձավ, որ այլևս Աոկիի նմաններն ինձ չեն սպառնա:
Զգացածս աչքերումս դրոշմված՝ նայում էի նրան: Մենք երկար զննեցինք իրար, ու նա հասկացավ, որ եթե հայացքը փախցնի` կպարտվի: Ոչ մեկս չէինք զիջում միչև հաջորդ կանգառը, բայց վերջին պահին Աոկին տեղի տվեց: Հազիվ նկատելի, բայց ես դա զգացի: Երբ երկար զբաղվում ես բոքսով, սկսում ես արագ որսալ հակառակորդիդ աչքերի շարժումը: Հակառակորդ, որի ոտքերն այլևս չեն գործում: Նա կարծում է, թե առաջվա պես գործում են, բայց դրանք արդեն չեն շարժվում: Ոտքերից հետո ուսերն են կանգնում ու էլ հարվածելու ուժ չկա: Էդպիսին էին Աոկիի աչքերը: Տարօրինակ է. ինքն էլ չգիտեր բանն ինչում է:
Էդպիսի երջանիկ պատահարն ինձ ոգեկոչեց: Սկսեցի գիշերները քնել, ախորժակս բացվեց, վերադարձա մարզումներիս: Ես ինձ համոզեցի, որ պարտվելու իրավունք պարզապես չունեմ, թույլ չեմ տա տրորել ինձ: Ու արդեն դիմացա հինգ ամիս, էդպես էլ ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակելով: Ես մեղավոր չէի, մյուսներն էին սխալվել: Ամեն օր գլուխս բարձր դպրոց էի գնում ու վերադառնում տուն` արժանապատիվ:
Օձավան ավարտեց պատմությունն ու հոգոց հանեց: Ինձ առաջարկեց կրկին սուրճ խմել: Ես մերժեցի, դա արդեն չորրորդը կլիներ:
_ Նման ցնցում ապրած մարդն, էսպես, թե էնպես` կփոխվի,_ ասաց Օձավան: _ Կամ դեպի լավը, կամ դեպի վատը. Լավն էն էր, որ ես ավելի համբերատար դարձա: Էդ կես տարվա համեմատությամբ, հետագայում ինձ պատահած անհաջողություններին, անհաջողություն չես էլ ասի: Մտովի համեմատում էի կես տարվա իմ տառապանքների հետ ու սուսուփուս հաղթահարում դրանք: Ես ավելի նրբանկատ էի դարձել ուրիշների անհաջողությունների ու ցավի հանդեպ: Ես նույնիսկ մի քանի իսկական ընկեր ձեռք բերեցի: Սրանք, իհարկե, դրական կողմերն են, բայց կային և բացասական փոփոխություններ: Դրանից հետո ես դադարեցի հավատալ մարդկանց` իհարկե չի կարելի ասել, որ ես չեմ վստահում ողջ մարդկությանը: Ես և՛ կին և՛ երեխա ունեմ: Մենք հոգ ենք տանում իրար մասին, և դա առանց վստահության անհնար է: Բայց ես անընդհատ մտածում եմ, նույնիսկ ամենաանհոգ կյանքը, երբ հրաշալի ընտանիք ու հավատարիմ ընկերներ ունես` երբեք չես կարող վստահաբար ասել, թե ինչ կլինի վաղը, երբ փորձանքը դուռդ թակի ու ամեն ինչ գլխիվայր շուռ տա: Հանկարծ, հենց էնպես, մարդիկ կարող են դադարել հավատալ ձեր խոսքին: Նման բան կարող է պատահել բոլորովին անսպասելի: Ես անընդհատ էդ մասին եմ մտածում: Անցած անգամ դա կես տարուց ավարտվեց: Կրկին պատահի` չես կարող ասել որքան կտևի, ու ես չգիտեմ էլ էս անգամ կդիմանա՞մ, թե՞ ոչ: Միայն մտածելուց արդեն սարսռում եմ: Պատահում է գիշերը վեր եմ թռչում, երբ նման երազ եմ տեսնում: Ու հազվադեպ էլ չեմ տեսնում: Նման պահերի արթնացնում եմ կնոջս, գրկում նրան ու լալիս: Երկար ժամանակ չեմ հանգստանում, անտանելի է…
_ Ես Աոկիից չէ, որ վախենում եմ: Էդպիսի մարդիկ շատ կան երկնքի տակ, պետք է դրա հետ հաշտվել: Երբ նրանց հանդիպում եմ, աշխատում եմ հետները գործ չունենալ, պարզապես փախչում եմ: Այլ կերպ չի կարելի: Դրա համար խորամանկություն պետք չէ, միանգամից եմ ճանաչում նրանց: Բայց և Աոկիի կարողությունները չպետք է անտեսել. ամենքը չեն կարող համբերատար սպասել իրենց հակահարված տալու ժամին, հմտորեն օգտագործել հնարավորությունն ու խաղալ մարդկանց սրտերի հետ: Էդ ամենից սիրտս խառնում է, բայց ընդունում եմ, որ դա էլ է տաղանդ:
Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:
Այս բառերն ասելով Օձավան ձեռքերը խաչեց կրծքին ու տարուբերեց գլուխը:
Ես սպասում էի շարունակության, բայց նա ավարտեց պատմությունը:
_ Եկեք գարեջուր խմենք,_ ասաց նա քիչ լռելուց հետո:
_ Եկեք, _ հավանություն տվեցի ես: Իսկապես էլ շատ էի ուզում գարեջուր խմել:

Advertisement

Հունվար 1991 թ.

«Ամենասարսափելին մեր կայնքում վախը չէ: Այն միշտ կա, այն հիմա էլ տարբեր կերպարանքներով հայտնվում է մեզ, երբեմն թունավորելով մեր կյանքը: Ամենասարսափելին նրան թիկունքով շրջվելն ու աչքերը փակելն է: Այդ ժամանակ մենք ակամա նրան ենք զիջում մեր ունեցած ամենանվիրականը»:

Փետրվար 1996 թ.«Յոթերորդը» մատենաշարից

Рубрика: Գրականություն

Եղջերուի մահը․ Հովհաննես Թումանյան

Անտառը հառաչանքով լիքն էր։

Աշնան չարագուժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ։ Իր մահաբեր թույնը թափելով՝ սուլում էր դառնաշունչ քամին։ Նրա շնչից գունատված տերևները դողդողում էին, անհասկանալի լեզվով ցավալի սվսվում, դալկանում, դեղնում ու իրանց-իրանց թափվում և թափվելով տխուր շրշում, անզոր հառաչում էին։ Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը, անտառը թնդում, արձագանք էր տալիս և ամեն արձագանք տալով՝ կարծես թե ահագին «վա՜յ» էր կանչում իր խոր թավուտներից։ Ճիշտ որ վա՜յ…

Կորչում էին նրա պայծառ օրերը, ընկնում էին նրա դալար զարդերը, հալածվում ու կոտորվում էին նրա սիրուն երեները, և… հառաչում էր նա։ Չէ՞ որ նա էլ գիտե զգալ, չէ՞ որ այնտեղ էլ կենդանության շունչ կա, ցավ ու կսկիծ կա։

Ահա վերջին տագնապի մեջ է անտառի չքնաղ թագուհին։ Որսկանի ձեռքից փախած՝ նա վայր է ընկել բրնուտում։ Գնդակատեղից դեռ հոսում է նրա արյունը, իր աչքով տեսնում է, զգում է այն սոսկալի փոփոխությունը, որ կատարվում է իր մեջ, իր շուրջն էլ փոխվում է, ինքն էլ այն չի, ինչ որ առավոտն էր… Բայց այս ի՛նչ զարհուրելի բան է. ինչու էլ այն չի, ինչու էլ չի կարողանում կանգնել, փախչել… Օրհասական ջանքեր է անում, տանջվում է, տանջվում և ճգնում է պարզել, թե ախար ի՞նչ պատահեց, այն ի՞նչ էր… Եվ շփոթ ու աղոտ հիշում է, որ արածում էր իր հորթուկի հետ… հանկարծ մի բան որոտաց… մի տաքություն զգաց ու վայր ընկավ… ականթոթափել կանգնեց… իր սիրուն հորթուկը… Բայց հիշողության թելը կորավ, ուշքը խառնվեց, ուժ չկա…

Նա զգաց, որ ծարավից պապակում էր, այրվում էր ներսը… Հիշեց ներքև՝ ձորակում վազող վտակը, խոնարհած ճյուղերի տակ կարկաչող այն վճիտ-պսպղուն ալիքները… Նրա մտքով կայծակի արագությամբ միասին եկան ու անցան հովասուն անտառներում անցկացրած օրերը և մշուշապատ առավոտները, երբ նա առողջ ու թեթև իջնում էր այն ձորակն ու կուշտ-կուշտ խմում էր սառը ջրերից… Այժմ էլ փափագում էր սաստի՜կ-սաստի՜կ, բայց որքան աշխատում էր՝ չէր կարողանում բարձրանալ։ Ամեն շարժվելով ճղփում էր նրա տակ լճացած արյունը և կրկին սկսում էր ծորել գնդակատեղից։ Բայց արյունը բարակեց, ցավն էլ առաջվա նման չէր նեղացնում․ նա թմրեց, զգաց, որ քունը տանում էր մի տեսակ, խավարը թանձրանում էր շուրջը, և հետզհետե աչքերը մթնում էին։

Արևն իր վերջին շողերը քաշել էր լեռների ետևը։ Ամեն ձեն ու ձուն կտրել էր անտառում։

Գիշերվան ցուրտն ընկավ։ Սթափվեց եղջերուն, լիակուրծ ու ագահ շունչ քաշեց, լայն-լայն բաց արավ շշմած աչքերը… վերևը փոքրիկ լույսեր ցոլացին։ Այդ աստղերն էին երկնքում։ Նա հասկացավ, որ գիշերը հասել էր։ Վերջին ուժերը հավաքեց, ջանք արավ, շարժվեց, մինչև անգամ ծնկները բարձրացրեց և… կրկին ընկավ մի ծանր ու անզոր թառանչով։ Նա լսեց իր թառանչը, և այդ վերջին ձայնն էր, որ նա լսեց այս աշխարհքում։

Рубрика: Գրականություն

Եղջերուն․ Հովհաննես Թումանյան

Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը։ Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածում են, արշալուսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են տալի։

Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղը պահելու։

Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակտարն էր։

Մենք գնում էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում։ Ճամփին որսից էինք խոսում։

― Որսը բախտի պես բան է,― ասում էր Օսեփը։ ― Մին էլ տեսար երևութք էլավ ու քամի դառավ կորավ։ Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատիլ. կշփոթվի, կդողդողա, կփախցնի։ Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ, որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կեցավ։

― Հապա դուք ինչպե՞ս եք որսի ման գալիս, ուստա Օսեփ։

― Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի,― պատմում էր որսկանը։― Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ որսը ժաժ կգա, կգնա էն տեղը կպահի։ Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ՝ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին (հոտը) նրա վրա էլավ՝ պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ։ Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին։ Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել։

― Բարի րիգուն, Օվակիմ բիձա։

― Այ աստծու բարի ձեզ, դուք բարով եկաք. ա՛յ տղա էդ ինչ լավ ղոնախներ եք։ Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի․․․ Էս հենց աստոծ հասցրեց ձեզ․․․― ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն։

Advertisement

― Դու են ասա՝ որս ա ժաժ գալի, թե չէ, Օվակիմ բիձա,― անհամբեր հարց տվավ որսկանը։

― Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա, լոբին ուտում ու գնում։ Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ․․․ Պախրա մի՛ ասիլ, մի սար ասա։ Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի։

― Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի։

― Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել։ Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինն որոտում էր։

― Հա՜յ, հող ու ջրի աստոծ, հա՜,― աղաղակեց որսկանը։

Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը։

― Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնում եմ, որ աշխարքիս երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա։

― Ի՞նչի, Օվակիմ բիձա։

― Ինչին էլ որի՞ն էս ասում. տեսնում ես՝ դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ա՝ մի պախրա կսպանենք, կուտենք։ Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շնչավոր կենդանի ա, հրեն կեսգիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. չէ՝ էն էլ նրա սերն ու մուրազն ա․․․

― Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ,― ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը։

― Չէ՜, շատ մեղք բան ա, շա՜տ, ― գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.

― Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ։ ― Պատմի, Օվակիմ բիձա։

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։ Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․

Advertisement

Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միաժամանակ լուռ էինք։

― Օվակիմ բիձա, չէ որ ասում են պախրեն էլ տեր ունի,― խոսեց շալակտար Ղազարը։

― Ունի, բաս, պախրեն մեծ տեր ունի։  — Ետնա էդ դրո՞ւստ բան ա։

— Դրուստ ա, բաս։ Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

— Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են՝ որսկանությունը անիծած ա։

— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի՝ մի վիրավորված պախրա տեսավ։ Տեսավ՝ անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորած մնացել ա կողքին կանգնած, էստեղ սազն առավ ու մի խաղ ասավ։

Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով խարույկի առաջ երգում էր մութը ձորում.

Հե՜յ, պարոններ, տեսա կանանչ գարունքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատվելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկըտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Աստված սիրող՝ որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող՝ որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։* * *

Ամենքը քնեցին, ես մնացի զարթուն։ Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում։

Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել։ Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին։

Ու անքուն էի ես։

Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը։ Պարզ աշնանային գիշեր էր։ Չոր ցուրտը սեղմում էր։ Ձորերը խուլ թշշում էին։ Նրանք էլ ասես քնել էին, Օվակիմ բիձու նման փշշացնում էին խոր ու հանգիստ։

Բայց Քարվան-ղռան աստղը արդեն դուրս էր եկել․ մեր ճամփա ընկնելու ժամանակն էր։ Ես վեր կացրի իմ ընկերներին։ Նրանք շտապով հագան իրենց տրեխները, ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը․․․* * *

Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում։ Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը։ Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը։

Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ։ Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից։ Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել։ Ապա երևաց Եղջերուն՝ Լուսաստղը։ Վերկացավ վաղորդյան զեփյուռը։ Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին։ Անտառն սկսեց զարթնել։ Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ՝ հեռվից․․․

Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստից ու զմայլած դիտում էի շուրջս՝ բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը։

Հանկարծ մի ձայն․․․ չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում։ Նայում եմ էն կողմը։ Անտառը տակավին մութն է։ Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի՝ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ․․․ Բան չի երևում, բայց դարձյալ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ, մոտենում է ավելի ու ավելի․․․ Եվ, ահա, դուրս եկավ․․․

Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ։ Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը։

Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում։

Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս․․․ Շարժվեցի թե չէ՝ նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը․ վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հրացանի ձայնից անտառն որոտաց ու սկսեց ճռճռալ։ Էն եղջերուն էր փախչում։

― Հա՛յ, քո տունը չքանդվի,— ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի՝ ո՞ր կողմից կերևա փախած որսը։ Առավոտր բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանանչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը։

Վիրավորված էր եղջերուն։ Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու։ — Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է,— հայտնեց որսկան Օսեփը։* * *

Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում։ Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ վրա։ Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով։ Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճըղփալով ընկավ իր արյան մեջ՝ մի ծանր, անզոր թառանչով։

Որսկանը վրա վազեց․․․ Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի․․․ Նա բռնեց եղջերվի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը․․․ Ես կրկին ուզեցի մեջ մտնեմ․․․ դարձյալ սիրտ չարի․․․ Եվ ահա դաշույնը փայլատակեց․․․

Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում։ Ետևից մի խուլ տնքոց լսեցի․․․ ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․

Рубрика: Գրականություն

Վահան Տերյան | Մեր պարտքը

Վահան Տերյան

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:
Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:
Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը:
Եվ որքա~ն ու որքա~ն ազնիվ սրտերի արյունով վկայել է ժոզովուրդր իր այդ պայծառ հավատը:
Չէ՞ որ այդ սրբազան արյունով ոռոգված են մեր հայրենիքի բոլոր դաշտերը, մի՞ թե հարկավոր է ավելի ակներև, ավելի անհերքելի ապացույց մեր ժողովրդի բարձր զգացողության և անձնվեր ոգևորության։ Եվ այսօր, այս արյունալից օրերին հայ ժողովրդի դարավոր այդ հավատը մի անգամ էլ փորձության է ենթարկվելու։ Ես չեմ տարակուսում և ոչ մի վայրկյան, որ փորձության, գուցե բոլոր մինչև այժմ եղածներից ամենից ահավոր, գուցե ճակատագրական փորձության այս բովից պատվով պիտի դուրս գա հայ ժողովուրդը:
Սակայն հարկավոր է, որ մեր ժողովուրդը, իր պատիվը պահպանելով հանդերձ, պահպանե և իր գոյությունը: Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն,գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայ ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը:
Ահա թե ինչո’ւ առավել ևս անհետաձգելի, առավել ևս ստիպողական պիտի համարենք մենք մեր ժողովրդի կազմակերպության հարցը:
Ո՞վ պիտի կազմակերպե մեր ժողովուրդը, ո՞վ պիտի տանե նրան այն ճանապարհով, որ զոհաբերությունն ու արյունը ազատություն են բերում: Այսօր հայ մտավորականությանն է վիճակվում այդ բարձր, սակայն և ծանր պարտականությունը:
Արդյոք արժանի կլինի՞ հայ մտավորականությունն իր այդ դժվարին, բայց վեհ կոչման:
Ահա մի հարց, որին մենք պարտավոր ենք դրական պատասխան տալու, մենք իրավունք չունենք թերահավատ լինելու, իրավունք չունենք երկմտելու:
«Մշակը» կոչ է կարդում հայ մտավորականներին միանալու, համերաշխ գործելու, մոռանալու կուսակցական և անձնական նկատումները ընդհանուր համաժողովրդական շահերի ու նկատումների հանդեպ :
Մի՞ թե այսպիսի ժամանակ մեր մտավորականությունը ընդունակ չպիտի լինի մոռանալու չնչին առօրեական իր կռիվներն ու շահերը:
Մի՞ թե այս ճակատագրական րոպեին մենք չպիտի մոռանանք մեզ բաժանող ու ջլատող զգացումները, չպիտի միանանք բարձր ոգևորությամբ մեր սրբազան պարտականության հանդեպ:
Որքան և տարբեր լինեն մեր մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն մեր մասնավոր ցանկությունները, մի՞ թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը չէ:
Եվ մի՞ թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ։
Եվ մի՞ թե կա ավելի բարձր վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը:
Ես չեմ ուզում վերագնահատել հայ մտավորականության կարողությունն ու բարոյական թռիչքը, բայց չէ՞ որ լինում են րոպեներ, երբ սովորական մարդիկ հերոս են դառնում:
Հիշեցեք ջրասույզ «Տիտանիկի» դեպքը:
Մտաբերեցեք սովորական մարդկանց այն հերոսական անձնվեր ճիգերը, որոնցով նրանք ուզում էին փրկել իրենց մերձավորներին։
Մի՞ թե մենք իրավունք չունենք այդ բարոյական հզոր թափի ստվերը գեթ որոնելու մեր մտավորականության մեջ:
Չէ՞ որ մենք և ահեղ փոթորիկի առջև ենք կանգնած, չէ որ մեր ամբողջ ժողովրդին անդառնալի, անսփոփելի աղետի վտանգ է սպառնում:
Անհնար է, այո’, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է ընդմիշտ վերացնել մեր հասարակության միջից տարբեր հատվածների ընգհարումը:
Հակամարտ ուժերի բախումով է առաջ ընթանում կյանքը:
Սակայն կան րոպեներ, երբ չար ուժի հանդեպ միանում են այդ հակամարտ ուժերը` ինչպես ընդհանուր թշնամու առաջ ընտանիքի զավակները, ինչպես ահեղ նավաբեկության ժամին բոլոր մարդիկ և վերահաս վտանգի առաջը առնելու:
Այդտեղ, այդպիսի ժամին մարդիկ մոռանում են իրենց իրարից բաժանող բոլոր խոչընդոտները, փշրվում են բոլոր պատնեշները, միանում են իշխանն ու բանվոր, կին ու տղամարդ: Կանցնի արհավիրքը, նրանք նորից կանջատվեն, կկռվեն: Սակայն արհավիրքի ժամին հանցանք է, մահացու մեղք` ջլատել ուժերը անհատական զգացումներով ու գործողություններով։
Այսօր մենք պիտի մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ գործակցությամբ պիտի կարող լինենք պահել մեր ժողովուրդը, ապահովել մեր ամբողջ ապագան:
Գոնե այս ճակատագրական րոպեին ըմբռնենք, հավատանք միմյանց, փոխադարձաբար զորանանք այդ լիասիրտ հավատով այս դժվարին օրերում։
Չմոռանանք, որ ամենաչնչին սխալը այսպիսի մի ժամանակ կարող է անդարձ կորստյան դուռ բանալ մեր առջև, կարող է անթիվ դժբախտությունների առիթ հանդիսանալ: Մի՞ թե այսպիսի մի ժամանակ չպիտի կարողանանք մենք համբերատար լինել դեպի մեր իդեական հակառակորդները, չպիտի կարողանանք հեռու վանել մեզանից ինքնահավան, ինքնավստահ մտածությունը, չպիտի քննադատող լինենք մեր մտքերի, միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր պիտի համարենք:
Արդեն առաջադրված է մամուլում համերաշխ գործունեության, ազգային կազմակերպության կարևոր խնդիրը:
Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, Հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
Հարկավոր է բոլոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին տեղ տալ այդ մարմինում, որպեսզի նա կարողանա միացնել իր շուրջը բոլորին, որպեսզի հայ ժողովրդի կոչը լինի նա, հայ ժողովրդի մտքի, զգացմունքների, խղճի արտահայտիչը լինի։
Անդառնալի են այսպիսի պահերը, դարերն են միայն ծնում իրերի այսպիսի դասավորություն:
Այսօրվա ամեն մի գործող պիտի ներշնչված լինի այն խոր, ծանր գիտակցությամբ, որ նա կանգնած է գալիք օրերի ահեղ դատաստանի առաջ, որ այսօրվա ամենափոքր սխալը կարող է կորստաբեր լինել մեր ժողովրդի ամբողջ ապագայի համար:
Պարզ պետք է լինի մեզ ամենքիս համար, որ այսօր մեր կյանքի-մահու խնդիրն է դրված հրապարակի վրա:
Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:
Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:
Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:
Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:
Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

Рубрика: Գրականություն

Իջնում է գիշերն անգութ ու մթին («Երկիր Նաիրի» ժողովածու)

* * *

Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին
Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ֊երկրիս անարգված սրտին։

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.—
Թող գուժկան գիշերն ահասաստ դավե—
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկնիր իմ եիկիր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ ․ ․ ․
Рубрика: Գրականություն

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Рубрика: Գրականություն

Պաուլո Կոելո․ Սբ․ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով: